
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները մասնակցել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հրավերով տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը, որին ներկա են եղել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, Հայաստանի շինարարների միության ներկայացուցիչները, ինչպես նաև ՀԷՑ-ի գլխավոր տնօրինությունների ղեկավարները։
Քննարկման հիմնական թեման ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն էր, որով ազատականացվում է 6(10) կՎ լարմամբ սպառման համակարգերի, ինչպես նաև նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի և կառուցապատվող թաղամասերի՝ բաշխման ցանցին միացման գործընթացը։
Կառուցապատողների հայկական ասոցիացիան կարևորում է ընդունված որոշումը՝ այն դիտարկելով որպես ոլորտի համար գործնական նշանակություն ունեցող բարեփոխում։ Նոր կարգավորման արդյունքում կառուցապատողները հնարավորություն կունենան ՀԷՑ-ի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների հիման վրա սեփական միջոցներով և ռեսուրսներով իրականացնել անհրաժեշտ աշխատանքները, ինչը կնպաստի գործընթացների արագացմանը, ժամկետների ավելի արդյունավետ կառավարմանը և ծրագրերի իրականացման կանխատեսելիության բարձրացմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տեխնիկական պայմանների տրամադրման նոր մոտեցումները, կառուցված բաշխման ցանցի՝ ՀԷՑ-ին հանձնման կարգը, ինչպես նաև վարչական ընթացակարգերի պարզեցման և ներդրումային միջավայրի բարելավման հետ կապված հարցեր։
Ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ ոլորտի զարգացման համար կարևոր նշանակություն ունեն պետական մարմինների, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների և մասնավոր հատվածի միջև շարունակական մասնագիտական երկխոսությունը և համատեղ աշխատանքը։ Նման ձևաչափով քննարկումները հնարավորություն են տալիս ժամանակին բարձրաձայնել առկա խնդիրները, գտնել գործնական լուծումներ և ձևավորել ավելի արդյունավետ կարգավորումներ։






Կապ մեզ հետ