
Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել է արդարադատության ոլորտի ռազմավարության նախագիծը, այդ թվում՝ դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման, վեճերի արտադատական կարգավորման և վարչարարության արդյունավետության բարձրացման հարցերը։
Ելույթ ունենալով՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանն անդրադարձել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 108-րդ հոդվածով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1074-րդ հոդվածով նախատեսված հետադարձ պահանջի (ռեգրեսի) մեխանիզմների գործնականում չկիրառման խնդրին։ Մասնավորապես, վարչական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության հետևանքով քաղաքացիներին և գործարարներին պատճառված վնասները հատուցվում են պետական կամ համայնքային բյուջեների հաշվին, մինչդեռ դրա համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ ռեգրեսի մեխանիզմները գրեթե չեն կիրառվում։
Արդյունքում վնասի ծախսային բեռը կրում են պետությունն ու համայնքները, իսկ մեղավոր պաշտոնատար անձինք, որպես կանոն, խուսափում են գույքային պատասխանատվությունից՝ չնայած օրենսդրությամբ առկա են բավարար իրավակա ն գործիքներ նրանց պատասխանատվության ենթարկելու համար, ինչը կարող է դառնալ վարչարարության որակի և արդյունավետության բարձրացման կարևոր խթան։
Ընդգծվել է, որ առանց պաշտոնատար անձանց անձնական գույքային պատասխանատվության գործուն մեխանիզմների դժվար է ակնկալել վարչարարության որակի և արդյունավետության էական բարելավում։
Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները՝ հարցի համակարգային լուծումներ գտնելու նպատակով։
Կապ մեզ հետ