
Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը և Խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանը մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախաձեռնած ոլորտային մասնագետների հետ հանդիպմանը՝ քննարկելու ռազմավարությունների մշակման ՀՀ Կառավարության նախաձեռնությունը և համատեղ վերհանելու քաղաքաշինության ոլորտի առաջնահերթությունները։
Հանդիպումը կայացել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Ներկա են եղել նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի և ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչներ։
Տարածքային և ենթակառուցվածքների զարգացման ռազմավարության մշակման շրջանակում առանջնահերթ դիտարկվել են քաղաքաշինությանն ու տարածական պլանավորմանը, հողերի կառավարմանը, ենթակառուցվածքներին, ջրային համակարգերին առնչվող հարցերը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը և ՃՇՀԱՀ ռեկտորի խորհրդական Սարգիս Թովմասյանը ներկայացրել են Հայաստանի տարաբնակեցման գլխավոր նախագծ ով սահմանված առաջնահերթությունները, խնդիրները, դիտարկել ՀՀ տարածքի բազմակենտրոն կառուցվածքի ձևավորման, կլաստերների զարգացման հնարավորությունները։ Նշվել է, որ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ նախատեսվում է մշակել ՀՀ տարաբնակեցման նոր գլխավոր նախագիծ, որը պետք է համահունչ լինի մշակվող ռազմավարության տրամաբանությանը։
Քննարկման մասնակիցները մտքեր են փոխանակել՝ ռազմավարության անկյունաքարային ուղղությունները նախանշելու նպատակով։
Հանդիպումները շարունակական են լինելու՝ համատեղ քննարկելու բոլոր առաջարկները։
Կապ մեզ հետ