Նորություններ
"Կումայրի" արգելոցը քանդվում է

02.03.2011
Գյումրիի հին, պատմական կենտրոնական հատվածում գտնվող Կումայրի ճարտարապետական արգելոցը քանդվում է: Սա մի տարածք է, որն ամբողջովին կառուցապատված է 19-20-րդ դարերի կլասիցիզմի ոճի մեկ-երկու հարկանի տներով:
Շատ տներում մարդիկ ուղղակի չեն կարող բնակվել, որովհետև վթարային են դարձել: Մասնագետների պնդմամբ, այստեղ մեկ դուռ կամ մեկ քար փոխելն անգամ անթույլատրելի է, քանի որ կխաթարվի Կումայրիի պատկերը: Սակայն, Կումայրիի պատկերն արդեն խախտել են ժամանակն ու իշխանությունների անտարբերությունը, որի հետևանքն է այն, որ արգելոցի գրեթե բոլոր կառույցները վթարայնության կարգավիճակ ունեն:
Կումայրիի այս կառույցներում շատ ֆիլմեր են նկարահանվել: Սոնա Մալխասյանի բնակարանը հայտնի է «Հին օրերի երգը» ֆիլմից: Այսօր այդ տանը բնակվում է Գալուստ Մալխասյանի թոռի ընտանիքը: Հիմա պատմաճարտարպետական կառույցը վթարային է և վտանգավոր է անգամ տան աստիճաներով բարձրանալը:
Իսկ Լաուրա Մարտիրոսյանի բնակարանն արդեն ընդհանրապես բնակության համար անպիտան է, 45 տարի ապրել է, հիմա տնակ է դրել կողքին ու տնակում է ապրում:
"Երբ տունը վթարային դարձավ, չթողեցին կառուցենք, երեխաներս էլ թողեցին հեռացան, մնացի այն հույսով, որ մի օր կգան ու կկառուցեն, առ այսօր գալիս են",-պատմում է տատնտիրուհին ու հավելում. "Հովանավորների կամ զբոսաշրջիկների համար հետաքրքիր վայր է, բերում են ցուցադրում ու տանում` ամեն անգամ խոստանալով, որ կարող է հովանավոր գտնեն ու վերակառուցեն, սակայն նորություն չկա":










