Նորություններ
Դավթաշենի կամուրջը կնորոգվի

08.04.2011
Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ Դավթաշենի կամրջի նորոգման հետ կապված քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը նշել է, որ Ավագանու կողմից հաստատված Երևան քաղաքի 2011թ. բյուջեով այդ նպատակով համապատասխան գումար է նախատեսվել, և ապրիլի վերջին, մրցույթի ամփոփումից հետո, կմեկնարկեն նորոգման աշխատանքները։
Հետիոտնային նոր անցումների շինարարության ծրագրի վերաբերյալ նշվել է, որ այն ընթացքի մեջ է, և նախատեսված բոլոր աշխատանքները կիրականացվեն։ Ընդ որում, հաշվի է առնված նաև հաշմանդամների համար դրանց մատչելիությունը։ Ավագանու նիստում անդրադարձ է եղել նաև մանկապարտեզներին, գեղասահքի մարզադպրոցի հիմնանորոգմանը, գետնանցումներում սանիտարական վիճակին առնչվող և մի շարք այլ հարցերի, որոնց բոլորին տրվել է սպառիչ պատասխան։
Նիստի ավարտին Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս կոչ է արել ակտիվորեն մասնակցել ապրիլի 9-ին և 16-ին հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակներին` նշելով, որ քաղաքի մաքրության առումով նաև բնակչության հոգեբանության, խնդրին մոտեցումների փոփոխություն է անհրաժեշտ։
Աղբյուրը` yerevan.am










