Նորություններ
Երևանի կենտրոնում կառուցված շենքերն ամեն րոպե կարող են փլվել

20.07.2011
Յուրաքանչյուր րոպե Երևանի ընդերքը փոփոխությունների է ենթարկվում, մինչդեռ մայրաքաղաքի ընդերքի ուսումնասիրության անչափ կարևոր հարցը բարձիթողի վիճակում է, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով, նման կարծիք հայտնեց երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը:
Նրա խոսքով` մայրաքաղաքի կենտրոնում իրականացվող շինարարական աշխատանքները որպես կանոն իրականացվում են առանց երկրաբանական-ինժեներական պատշաճ հաշվարկների: Նախկինում՝ խորհրդային տարիներին, նախքան այս կամ այն շենքի կառուցումը, ըստ Յադոյանի, համապատասխան մասնագետները տեղանքի մանրազնին ուսումնասիրություններ էին կատարում, մինչդեռ այսօր ով փող ու թույլտվություն ունի՝ խելքին փչած ժամանակ և տեղում շենք ու շինություն է կառուցում, առանց մտածելու, որ այդ շինությունների կառուցման ժամանակ թույլ տրված ցանկացած բացթողում կարող է մարդկային կյանքեր արժանանալ:
"Շենքը կառուցելիս կարևոր է հաշվի առնել դրա հիմքի կրողունակությունը՝ գրունտների, ապարների ֆիզիկա-մեխանիկական հատկությունները: Մինչդեռ այդ անչափ կարևոր հանգամանքն այսօր մեծամասամբ ուշադրության չի արժանանում: Կառուցվող շենքերը շատ գեղեցիկ են, բայց քանի՞ կոպեկ արժե այդ գեղեցկությունը, եթե դրանք հիմքը խարխուլ է",-նկատեց Յադոյանը:
Նրա խոսքով՝ վերջին 20 տարվա ընթացքում մայրաքաղաքում կառուցվում են հիմնականում բազմահարկ, խոշոր շենքեր, ինչը հիմավորված չէ: "Բարձրահարկ շենքեր կարելի է կառուցել բազալտային հիմք ունեցող տարածքներում՝ Արաբկիր վարչական շրջանից դեպի հյուսիս: Իսկ դեպի հարավ ընկած տարածքում խորքային ապարների կտրվածքն այնպիսին է, որը թույլ չի տալիս կառուցել բարձրահարկ շենքեր",-նկատեց երկրաբանը:
Անդրադառնալով այսպես կոչված "էլիտար" շենքերին, որոնք հիմանկանում կառուցվում են մայրաքաղաքի կենտրոնում, նա նշեց. "Հատկապես Հյուսիսային պողոտայի և ընդհանրապես քաղաքի կենտրոնի տակ՝ Գետառից աջ՝ Ղազար Փարպեցի փողոցից մինչև "Դինամո" մարզադաշտն ընդգրկող տարածքի տակը դատարկ է: Ես այս մասին ահազանգել եմ բազմիցս: Պետք է շտապ կերպով ուսումնասիրվի կենտրոնի հատակը, որոշվեն դատարկությունների ճիշտ տեղերը, միջոցառումներ իրականացվեն այդ դատարկ տեղերը լցնելու ուղղությամբ, այլապես մի օր կենտրոնը կփլուզվի՝ հանգեցնելով անդառնալի և ողբերգական հետևանքների":
Եթե մայրաքաղաքի կենտրոնի դատարկությունը չլցվի, ըստ մասնագետի, հետագայում այդտեղ կառուցված շենքերը կենթարկվեն իջեցման, ճաքման, ընդհուպ՝ փլուզման: "Եթե ընդերքի խոռոչը, որի վրա կառուցված է տվյալ շինությունը, լինի ասենք 20 մետր, ապա, այսպես կոչված, "էլիտար" շենքի ուղիղ կեսը կհայտնվի գետնի տակ",-հայտարարեց Յադոյանը՝ հավելելով, թե գործող քաղաքապետը խոսում է քաղաքի ճարտարապետական տեսքի մասին՝ պատշաճ ուշադրության չարժանացնելով քաղաքի շենքերի ամրության հարցին:
Ռ. Յադոյանն անդրադարձավ նաև Կառավարության շենքի վրա կառուցվելիք թմբուկին՝ նշելով, որ այդ շենքը կառուցված է ճիշտ նախագծով՝ հաշվի առնելով ընդերքի կրողունակությունը: "Սակայն այսօր, քանի որ յուրաքանչյուր վայրկյան մայրաքաղաքի ընդերքը փոփոխությունների է ենթարկվում, շենքի վրա ավելացվող ամեն մի քար կարող է ազդել շենքի ամրության վրա",-նկատեց Յադոյանը:
Աղբյուրը` news.am










