HencHima - http://henchima.am

Հայաստանի կառուցապատումների ռեյտինգավորում

Մեր սպառողներին` հուսալի կառույցներ,
Մեր երկրին` վստահելի կառուցապատողներ

Նորություններ

Մատենադարանի նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի Հայաստանի անկախության 20-ամյակի օրը

Մատենադարանի նոր մասնաշենքը շահագործման կհանձնվի Հայաստանի անկախության 20-ամյակի օրը

19.03.2011

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 19-ին, այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նոր մասնաշենք, որտեղ ավարտին են մոտենում ներքին հարդարման և հիմնական բարեկարգման աշխատանքները։

 

Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի նորակառույց մասնաշենքը ներկայիս մասնաշենքից մեծ է լինելու 4 անգամ և զբաղեցնելու է 11 հազար 358 ք/մ տարածք։ "Նոր շենքը կարելի է դարի կառույց որակել և՛ ճարտարապետական լուծումների, և՛ նորագույն  տեխնոլոգիաների համար։ Շենքը շահագործման կհանձնվի 2011-ի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանապետության անկախության 20-րդ տարեդարձի օրը",- ասաց Թամրազյանը։

 

Նրա խոսքով, սա ծրագրի առաջին փուլն է։ "Հովանավորները հսկայական ներդրումներ են անում այս նախագծի մեջ։ Ինչ վերաբերում է ծրագրի երկրորդ փուլին, ապա այդ առումով նախագահի այցի ընթացքում շատ կարևոր հարց լուծվեց, այն է, Մատենադարանի ներկայիս մասնաշենքի վերակառուցման և շենքը թանգարանի վերածելու հարցը։ Սա շատ կարևոր խնդիր է, քանի որ կառույցն իր մշակութային հարստության մի չնչին մասն է ներկայացնում։ Նախատեսվում է, որ շենքի վերակառուցումից հետո դրա ցուցադրական հնարավորությունները կբազմապատկվեն 5 անգամով՝ թույլ տալով մշտական ցուցադրությունների կողքին ունենալ 5 այլ ցուցասրահներ",- տեղեկացրեց Թամրազյանը։

 

Նրա տեղեկացմամբ, ծրագրի երրորդ փուլով նախատեսվում է ողջ Մաշտոցի պողոտային՝ սկզբից մինչև Մատենադարանի տարածք, մշակութային շունչ հաղորդել։ "Մեր երազանքն է, որպեսզի Մատենադարանը սկսվի Մաշտոցի պողոտայի սկզբից, որպեսզի Երևանի այդ հատվածը ձեռք բերի Մատենադարանի շունչը"։

 

Անդրադառնալով մատենադարանի նորակառույց և գործող մասնաշենքերի կառուցապատման և վերակառուցման ծախսերին՝ Հրաչյա Թամրազյանն ասաց, որ գումարների ճգշգրիտ չափերը պարզ կլինեն միայն սեպտեմբերի 21-ին։

 

Նոր մասնաշենքի շինարարությունն իրականացնող "Մատենադարան" հիմնադրի տնօրենն իր հերթին ավելացրեց, որ մինչ օրս հիմնադրամում 11 մլն 120 հազար դոլարի ներդրում է կատարվել։ Նախատեսվում է, որ շինարարությունը կավարտվի 2011 թվականի օգոստոսի 15-ին։


Նշենք, որ Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետը Արթուր Մեսչյանն է։ Մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը տեղի է ունեցել 2008 թվականին։ Հիմնական մասնաշենքը (ճարտարապետ Մարկ Գրիգորյան)  շահագործման է հանձնվել 1959 թվականին։