Նորություններ
Երևանի կենտրոնում բնակարաններն էժանանում են

02.02.2012
Անցած տարի, դրան նախորդող տարվա համեմատ, երկրում բնակարանների առուվաճառքը աճել է 5,1%-ով, ընդ որում` առավել բարձր ցուցանիշն արձանագրվել է Վայոց ձորի (41,4%), այնուհետև Արմավիրի (11,0%) մարզերում: Սակայն չպետք է խաբվել հարաբերական ցուցանիշներով: Գործարքների թիվը նշված մարզերում աննշան է, քանի որ երկրի ընդհանուր ցուցանիշում Վայոց ձորի մասնաբաժինը կազմում է ընդամենը 0,6%, Արմավիրինը` 3,5%:
Առուվաճառքի ծավալների առումով բացարձակ ռեկորդակիրը մայրաքաղաքն է: Այսպես, նախորդ տարվա տվյալներով` նման գործարքներում Երևանի մասնաբաժինը կազմել է 68,7%, այսինքն` գործարքների երկու երրորդից ավելին: Տարվա ընթացքում մայրաքաղաքում արձանագրվել է բնակարանների առուվաճառքի 9'125 գործարք, այն դեպքում, երբ ամենամոտ` Կոտայքի մարզում ընդամենը 284 գործարք է կատարվել:
Այսպես, տարվա կտրվածքով երկրում անշարժ գույքի շուկայում "առաջընթաց" է գրանցվել: Բայց պատկերը փոխվում է, եթե առանձին դիտարկենք տարվա վերջին եռամսյակի ցուցանիշները: 2011թ. IV եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, Հայաստանում բնակարանների առուվաճառքի քանակը կրճատվել է 176 միավորով կամ 4,9%-ով:
Այստեղ ևս ռեկորդակիրը մայրաքաղաքն է, որտեղ նշված ժամանակահատվածում բնակարանների առուվաճառքի քանակը կրճատվել է 183 միավորով (կամ 7,3%): Այս ցուցանիշը գերազանցում է հարապետության միջին ցուցանիշը, քանի որ բնակարանների առուվաճառքի գործարքների թիվն առանձին մարզերում որոշ չափով լրացրել է մայրաքաղաքի և այլ մարզերում առկա անկումը:
Վերոնշյալ տվյալները վկայում են տավա վերջին ամիսներին բնակարանների շուկայում որոշակի հետընթացի մասին: Մի կողմից, տվյալ փաստը ողջունելի է, քանի որ մեր համաքաղաքացիներից շատերի համար բնակավայրի փոփոխությունն այնքան էլ հաճելի բան չէ:
Այլ հարց կլիներ բնակարանների առաջնային շուկայում պահանջարկի ակտիվացումը: Սակայն ժամանակակից փուլում կառուցված Հյուսիսային պողոտայի օրինակն ապացուցում է գնորդների "սառը" վերաբերմունքը գերթանկարժեք բնակարանների նկատմամբ:
Բնակարանների գների շարունակական անկումը որոշակի չափով նպաստում է վաճառողների և գնորդների "սպասողական" մարտավարությանը: Խոսքն իհարկե այն քաղաքացիների մասին է, որոնք առանձնապես չեն շտապում բնակարան գնել կամ վաճառել:
Մայրաքաղաքում բնակարանների արժեքի միտումները հետևյալն են. Միջին հաշվով նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, 1քմ-ի արժեքը նվազել է 1,6 հազար դրամով: Մայրաքաղաքում միջին գնի վրա մեծ ազդեցություն է ունեցել "Կենտրոն" էլիտար թաղամասում բնակարանների գնի նվազումը, որտեղ այդ շրջանում 1քմ-ի արժեքը նվազել է 25,6 հազար դրամով:
Դա Երևանի վարչական շրջանների ամենանկատելի անկումն էր: Այսպես, այդ նույն ժամանակահատվածում գնի առումով երկրորդ ամենաթանկ "Արաբկիր" վարչական շրջանում բնակարանների մակերեսի 1քմ-ի արժեքը, հակառակը, ավելացել է 4,5 հազար դրամով:
Այս տեղաշարժերը հանգեցրին "Կենտրոն" և "Արաբկիր" շրջանների միջև բնակարանների մակերեսի 1քմ-ի "մկրատի" կրճատմանը: Եթե նոյեմբերին տարբերությունը կազմում էր 116,7 հազար դրամ` հօգուտ էլիտար կենտրոնի, ապա դեկտեմբերին այն կրճատվել է 84,8 հազար դրամով:
Բնակարանների գներն ավելացել են "թանկ" (կենտրոնից հետո)` "Արաբկիր" և "Քանաքեռ-Զեյթուն" վարչական շրջաններում, ինչպես նաև քաղաքի ամենացածրադիր հատվածներում` "Մալաթիա-Սեբաստիա", "Էրեբունի" և "Նուբարաշեն" վարչական շրջաններում: Կարելի է եզրակացնել, որ ունևոր գնորդների պահանջարկը մայրաքաղաքի "գերթանկարժեք" կենտրոնից հետևողականորեն տեղափոխվում է քաղաքի այլ, ավելի մատչելի վարչական շրջաններ, որոնք ևս գրավիչ են նման գնորդների համար:
Ավելի սուղ հնարավորությունների տեր քաղաքացիներին գրավում են "էժանագին" ծայրամասերը, որտեղ գներն աչքի են ընկնում ցածր, անգամ գերցածր մակարդակով (հիմնականում "Նուբարաշեն" վարչական շրջանում): Գնորդական պահանջարկի աճը, բնականաբար, հանգեցրել է այդ շրջաններում բնակարանների շուկայական գների ավելացմանը: Նշենք, որ Երևանում գնային տարբերությունները զգալի են:
Այսպես, նախորդ տարվա դեկտեմբերին "Կենտրոն" թաղամասում բնակարանների մակերեսի 1քմ-ի արժեքը 170 հազ. դրամով գերազանցում էր քաղաքային միջին ցուցանիշը (256,4 հազ. դրամ), միևնույն ժամանակ "Նուբարաշեն" ծայրամասում տարբերությունը մինուս նշանով էր` 109 հազ. դրամի չափով:
Շարունակելով մայրաքաղաքային բնակարանների ստանդարտ` 63,1քմ-ի համար հաշվարկելու ավանդույթը` ներկայացնենք դեկտեմբեր ամսվա վերջին տվյալները:
"Կենտրոն" թաղամասում գները առավել բարձր են միջին և ցածրահարկ շենքերի բնակարանների դեպքում: Դա զարմանալի չէ, քանի որ "էլիտար" բնակարանի արժեքը դեկտեմբերին կազմել էր 26,9 մլն դրամ (71,2 հազ. դոլարին համարժեք): Թանկության տեսանկյունից երկրորդ վարչական շրջանում` Արաբկիրում, արժեքները շատ ավելի ցածր են` 21,4 մլն դրամ:
Այնուհետև գները տատանվում են 14,2 մլն դրամից (37,0 հազ. դոլար, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան) մինչև 16,7 մլն դրամ (43,6 հազ. դոլար, Քանաքեռ-Զեյթուն): Կարելի է առանձնացնել Երևանի համար "գերէժան" "Նուբարաշեն" ծայրամասը: Այստեղ ստանդարտ մակերեսով բնակարանն արժե 9,3 մլն դրամ (24,2 հազ. դոլար):










